Երևանի ֆիզիկայի ինստիտուտը հիմնադրվել է Աբրահամ Ալիխանովի և Արտեմ Ալիխանյանի կողմից՝ 1942 թվականին որպես Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ինստիտուտ, իսկ 1943 թվականին դարձել է ինքնուրույն գիտական հաստատություն՝ ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի կազմում։ Նրա հիմքում երկրորդային տիեզերական ճառագայթների ուսումնասիրությունն էր և Արագած լեռան վրա կառուցված երկու բարձր լեռնային կայանները՝ «Արագած» (3200 մ) և «Նոր Ամբերդ» (2000 մ)։
1967 թվականին գործարկվեց 6 ԳէՎ էներգիայով էլեկտրոնային սինքրոտրոնը՝ «ԱՐՈՒՍ»-ը, տարածաշրջանում մասնիկների առաջին արագացուցիչը։ 1970 թվականին հենց այստեղ հայտնաբերվեց ռենտգենյան անցումային ճառագայթումը, որն այսօր լայնորեն կիրառվում է մասնիկների նույնականացման համար։ 1980-ական թվականների կեսերին ինստիտուտում մշակվեց պատկերային մթնոլորտային Չերենկովյան դիտակների (IACT) գաղափարը, որը կիրառվեց HEGRA համագործակցությունում, իսկ հետագայում՝ MAGIC և H.E.S.S. գիտափորձերում։
2002 թվականից ինստիտուտը կրում է հիմնադիր տնօրեն Արտեմ Ալիխանյանի անունը։ 2010 թվականին այն վերանվանվեց Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա, իսկ 2011 թվականին վերակազմավորվեց հիմնադրամի։ Այսօր ԱԱԳԼ-ի գիտնականները համագործակցում են KEK, JLab, DESY, CERN, JINR, MAX IV և MAMI կենտրոնների հետ, իսկ լաբորատորիան տալիս է Հայաստանի բարձր ազդեցության գիտական հրապարակումների զգալի մասը։